ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Գրիգոր Լուսավորչի` Խոր վիրապից դուրս գալու տոնի առթիվ

Գրիգոր Լուսավորչի` Խոր վիրապից դուրս գալու տոնի առթիվ
12.06.2009 | 00:00

ՍՈՒՐԲ ԱՋԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Գրիգոր Լուսավորիչը 301 թ. դարձավ Հայաստանում պետականորեն քրիստոնեությունն ընդունելուց հետո առաջին հայոց հայրապետը։ Երկար տարիներ Քրիստոսի բանավոր հոտը հովվելուց ու հաստատելուց հետո իր փոխարեն ձեռնադրելով որդուն՝ Արիստակեսին, բարձրացավ Սեպուհ լեռ՝ Մանյաց այր, այն այրը, որտեղ տարիներ առաջ ճգնել է Մանյա անունով կույսը, որը սուրբ Գայանյանց ու Հռիփսիմյանց կույսերից էր։ Հայոց հայրապետն այնտեղ խիստ ճգնակեցությամբ ապրելուց հետո 325 թ. ննջեց ի Քրիստոս և փոխադրվեց հրեշտակների կարգը։ Յոթ հովիվներ, որոնք իրենց հոտերն էին արածեցնում Մանյաց այրի շրջակայքում, գտնում են հայոց հայրապետի մարմինը և, չիմանալով նրա ով լինելը, մի քարեղեն փոքրիկ վկայարան կառուցելով, թաղում են այնտեղ։
Դրանից հետո անցնում է մոտ տասը տարի, և աստվածային նախախնամությամբ Գառնիկ անունով մի ճգնավորի տեսիլքով երևում է հայոց հայրապետն ու ասում, որ իրեն հանեն, տանեն Թորդան՝ իրենց կալվածքը և այնտեղ թաղեն։ Ճգնավորն իսկույն կատարում է այդ հրամանը և, Սեպուհ լեռան վկայարանից հանելով սուրբ Գրիգորի մասունքները, տեղափոխում են Թորդան գյուղ և թաղում այնտեղ. դա 334 թվականն էր։
Անցնում են տարիներ։ Սրբի բարեխոսական օրհնությանը հաղորդ լինելու համար Գրիգոր Լուսավորչի մասունքներից սկսում են տանել տարբեր վայրեր։ Առաջին անգամ դա կատարվում է Բաբգեն Ա Ոթմսեցի կաթողիկոսի օրոք (490-516 թթ.), երբ Գրիգոր Լուսավորչի նշխարներից տարվում է Կոստանդնուպոլիս։ Իսկ ըստ Գարեգին Հովսեփյանց կաթողիկոսի «Հիշատակարանի»` Ներսես Գ Իշխանցի Շինող կաթողիկոսը Զվարթնոց տաճարի շինության ժամանակ սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարներից տանում, զետեղում է չորս սյուների տակ։
Անցնում է ևս մի քանի դար։ Եվ առաջին անգամ՝ իններորդ դարում, Գրիգոր Լուսավորչի Աջի մասին հիշատակվում է Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում։
923 թ. Դվինից հայրապետական աթոռը փոխադրվում է Աղթամար, դրա հետ` նաև բոլոր սրբությունները։
Այդ ժամանակներում արդեն Լուսավորչի Աջը ծառայում էր որպես հայրապետական իրավասության նշան, որով եպիսկոպոսներ էին ձեռնադրում, մյուռոն օրհնում և այլն։
Երբ Կիլիկյան պետության հաստատումից հետո Բարսեղ Ա Անեցի կաթողիկոսը (1105-1113 թթ.) այցելության է գնում Հայաստան՝ Անի, Աղթամար, Ախաթ, Արղնի, Աղթամարում տեղի կաթողիկոսությունից չի համարձակվում պահանջել Լուսավորչի Աջը, քողը, գավազանը, կաշվե գոտին։ Բայց Արղնի հասնելուց հետո մարդ է ուղարկում Աղթամար ու վերոհիշյալ սրբություններն ուզում այնտեղից, բայց մերժվում է աղթամարցիների կողմից։
Երբ 1114 թ. Սև լեռան վանքում հավաքվում է եկեղեցական մեծ ժողով, այնտեղ բանադրվում է Աղթամարի կաթողիկոսությունը և որոշվում Հայոց հայրապետի ընտրությունները կատարել Հայաստանի չորս գլխավոր աթոռների (Բջնիի, Հաղպատի, Տաթևի և Արտազի) համաձայնությամբ։
Բայց Աղթամարի կաթողիկոսությունը հակառակվեց այդ ժողովի որոշմանը և մերժեց տալ Լուսավորչի Աջը, ավելին՝ իրենք իրենց համար կաթողիկոս ձեռնադրեցին։
Գրիգոր Պահլավունի կաթողիկոսը, կանխատեսելով դրա պատճառով սպասվելիք թյուրիմացությունները, Աղթամարի կաթողիկոսությունից գաղտնի Լուսավորչի Աջն ու քողը հանում և տանում է։
Կիլիկիայում Ռուբինյանների իշխանության հաստատումից հետո Հայոց կաթողիկոսությունը տեղափոխվում է Հռոմկլա ապահով բերդը։ Այնուհետև Լուսավորչի Աջի հիշատակության մասին կարդում ենք Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրական»-ում. «…Ողջույն թող հասնի աստվածընկալ և փրկական սուրբ Նշանից, Հոգու հրեղեն լեզուները ընդունած առաքելական նշխարներից, մեր սուրբ Լուսավորչի Աջից և Աթոռից»։
Եվ այսպես, 172 տարի` 1120 թվականից մինչև 1292 թվականը, Լուսավորչի Աջը մնում է Հռոմկլայում։ Այդ թվից հետո առաջին անգամ սուրբ Աջը գերեվարվում է անօրեն մամլյուքների Աշրավ սուլթանի կողմից, Ստեփանոս կաթողիկոսի և բազմաթիվ եկեղեցականների հետ, այնպես, ինչպես 614 թ. պարսիկների կողմից գերվեց Տիրոջ սուրբ Խաչափայտը՝ Զաքարիա պատրիարքի հետ՝ մինչև 628 թ.։
Սուրբ Աջի գերությունը տևում է վեց տարի։ Գերեվարումից վերադարձ կատարվում է Հայոց թագավոր Հեթումի օրոք, երբ Եգիպտոսի վրա Աստված սաստիկ սով ուղարկեց, որի պատճառով սուլթանը ստիպված վերադարձրեց սուրբ Աջը` փոխարենը պահանջելով Ծագ, Ապլճես, Պեհսեդունի և Մարաշ քաղաքները։ Սիսի կաթողիկոսանիստում Լուսավորչի Աջը մնում է մինչև 1440 թվականը։
1441 թվական։ Պատմության մութ էջերով լի տարեթիվ է, քանի որ այդ թվից հետո դեռևս պատմաբաններին անհայտ ձևով Գրիգոր Լուսավորչի Աջն անհետանում է Սիսի կաթողիկոսարանից և հայտնվում է Վաղարշապատում։ Աջապահյան ընտանիքը, որին վստահված էր սուրբ Աջի պահպանությունը, նույնպես անտեղյակ է, թե ինչպես է կատարվել այդ տեղափոխությունը։
Եվ դրանից հետո շատ չանցած՝ 1444 թվին, Հայաստանում օրհնեցին Խոր վիրապի վանահայր Տեր Կիրակոսին որպես Հայոց կաթողիկոս, իսկ Սիսում իրենց կաթողիկոս ընտրեցին Կարապետ եպիսկոպոս Եվդոկիացուն։ Այստեղից էլ առաջացան զույգ կաթողիկոսական աթոռները, որոնք հարատևում են մինչ այսօր։
1462 թվականին Զաքարիա կաթողիկոսը Տիրոջ աջն իր հետ տանում է Աղթամար, որտեղից 1477 թ. Վրթանես եպիսկոպոսի միջոցով վերադարձվում է Էջմիածին ու այնտեղ մնում է մինչև 1613 թվականը։ Այնուհետև Գրիգոր Լուսավորչի Աջը պարսից արքա Շահ Աբասի հրամանով տարվել է Սպահան և հանձնվել Խոջա Սաֆար հայ իշխանին ի պահ, որպեսզի տարագրված հայերի սիրտը կտրվի սուրբ Էջմիածնից և կապվի նոր բնակավայրին՝ Նոր Ջուղային։ Այդ նպատակով Շահը ուզեցել է նույնիսկ Էջմիածնի Մայր տաճարը քանդել և քար առ քար տեղափոխել Պարսկաստան։ Տասից ավելի քարեր տեղափոխելուց հետո Աստված էլ Շահ Աբասի թագավորությունն է քանդում, այդպիսով ի չիք դարձնում անաստվածահաճո այդ հրամանը։
Այդպիսով սուրբ Աջը Պարսկաստանում գերության մեջ մնաց մինչև 1637 թվականը, երբ Հայոց Փիլիպոս կաթողիկոսը գնում է Սպահան։ Այնտեղ Լուսավորչի Աջն այդ ժամանակ պահպանում էին Խոջա Սաֆարի թոռները։ Այնտեղից սուրբ Աջի տեղափոխությունն Էջմիածին այսպես է նկարագրում Առաքել Դավրիժեցին իր «Պատմություն» գրքում. «Շահսեֆի արքան շնորհ արեց հայրապետին, կատարեց նրա խնդրանքը և գրով, թագավորական կնիքով հրաման տվեց, որ ջուղայեցիք սուրբ Լուսավորչի աջը տան տեր Փիլիպոս կաթողիկոսին։ Երբ նա առավ թագավորի հրաման-հրովարտակը, բերեց Խոջա Սաֆարի թոռների մոտ, սրանք չկամեցան տալ։ Կաթողիկոսը սրանց մեծ բարկությամբ սաստեց, իսկ նրանք վախենալով նրա սրբությունից և հայրապետական անեծքից, փափկեցին համառությունից։ Եվ տեր Փիլիպոս կաթողիկոսը բազմաթիվ քահանաներով ինքը գնաց խոջա Սաֆարի տուն, այնտեղից աջը առավ և բերեց Խոջենց եկեղեցին։ Կիրակի օրը պատարագ տվեց և աջը բաց արեց։ Այս լուրի վրա բոլոր ջուղայեցիները հավաքվեցին, ուխտ արեցին և տակավին ընդդիմանում էին ու չէին թողնում աջը տանել։ Այս պատճառով այնտեղից աջը գաղտնի հանեցին, բերեցին Ջուղայի վանքը, որտեղից էլ երևանցիների մոտ, այստեղից էլ թաքուն հանեցին, տարան Բրինջլուի իջևանատուն և դրին մի քրիստոնյա հայ վաճառականի բեռների մեջ։ Նա Աջը բեռան հետ միասին վերցնում, վաճառականի կարգով նախապես գնում է Թավրիզ, որից ջուղայեցիք ոչ մի տեղեկություն չունեին։ Ապա Փիլիպոս կաթողիկոսը Սպահանից ելավ, գնաց Թավրիզ, աջը վաճառականից վերցրեց, բերեց Էջմիածին՝ նույնի (աջի) սեփական աթոռը»։
Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջի այս վերադարձը տեղի ունեցավ 1638 թ. սեպտեմբերի 20-ին։
Որպես վերջաբան` ընթերցողներին տեղեկացնենք, որ Գրիգոր Լուսավորչի մասունքներից կա նաև Երուսաղեմի սուրբ Հակոբյանց միաբանության գանձարանում։
Իսկ Երևանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մուտքի դիմաց գտնվող սպիտակ, մարմարակերտ խորանի տակ է գտնվում Գրիգոր Լուսավորչի մասունքը, որը 2001 թվականին Հայոց քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ իր հետ Հայաստան բերեց Հռոմի Պապը՝ Հովհաննես Պողոս 2-րդը։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6326

Մեկնաբանություններ